July 4, 2013

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ





……բանկա փլավ, 7 քար, քսանմեկ…….մեր օրերում եզակի բակերում կհանդիպես երեխաների, ովքեր խաղում են ժողովրդական խաղեր, ավելին, դժվար թե հանդիպենք գոնե <<պարան թռնող>> կամ <<գնդակ տշող>> երեխայի: Իսկ մի ժամանակ խաղերը առօրյայի անբաժան մասն էին (անհամբեր սպասում էինք, թե երբ էր գարունը գալու, որ կարճաթև հագնեինք ու հալամուլա խաղայինք): 

Դեռ հնագույն ժամանակներից հայերն իրենց ու իրենց երեխաների զվարճանալու ու նաև մարզվելու համար կազմակերպել են բազմազան խաղեր: Այդ խաղերից շատերը զարգացրել են մանուկների ֆիզիկական ուժը, նշանառությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ու որոշում ընդունելու կարողությունը:

1000-ից ավել ազգային խաղերից հիմա մեզ առավել հայտնի են լավագույն դեպքում մեկ տասնյակ խաղեր: 

Կոխ
Հայ ժողովրդական խաղերի շարքում առանձին տեղ են գրավում գոտեմարտերը՝ գյուլաշ, կոխ, քյուշտիկ, ուջա, յարխուշտա և այլն: Այս բոլոր խաղերը որոշ չափով նման են ժամանակակից ըմբշամարտին: Գոտեմարտերից հետաքրքիր է հարսանեկան կոխը, որի մի դրվագ նկարագրված է Պերճ Պռոշյանի <<Սոս և Վարդիթեր>> գործում: Հնում փեսայի տուն հասնելուն պես տղայի ծնողները կեղծ կոխ են բռնել: Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինը տապալեր ամուսնուն ու հպատակություն պահանջեր, իսկ ամուսինն էլ պարտավոր էր հնազանդվել:

Գոտեմարտերից բացի՝ լայն տարածում ունեին նաև լախտախաղերը, որոնք տեղի էին ունենում գլխավորապես գարնանն ու ամռանը: Գորիսում խաղը կոչել են Ջղլախտի, իսկ Սիսիանում՝ Թոխկա կամ Թխկի: Խաղում են 3-7 հոգով: Խաղացողներից մեկը՝ ներսինը, կանգնում է շրջանի ներսում՝ լախտերը կոլոլած դնելով գետնին, մինչ դրսինները լախտերը տանելու համար օգտագործում են գլխարկներն ու անում են կտրուկ հարձակումներ: Փախցրած լախտերով այնքան են ծեծում ներսինին, մինչև որ վերջինս խփում է մեկին ու փոխվում տեղերով:

Գնդակով խաղերն են թերևս ամենաշատ հայտնի մեր օրերում: Կարծում եմ՝ մեզանից շատերն են խաղացել Քսանմեկ ու Անուն գոռոցի: Քսանմեկ խաղալու համար պետք է առնվազն 2 խաղացող (զույգ թվի դեպքում բաժանվում են 2 խմբի, կենտի դեպքում՝ 2 խմբի գումարած մեկ աքլոր): Խմբերի են բաժանվում ոտ քցելու միջոցով (սա մի ծես է, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր երեխա): Խաղն սկսող խմբի անդամները հերթով գնդակը ոտքի թաթի վերևի մասով վեր-վեր են գցում 21, 51 կամ 101 անգամ (փալան): Փալանի վերջին մեկ թիվը լրացնելու ժամանակ հակառակորդ թիմի բոլոր անդամները ձգտում են ոտքով օդում բռնել գնդակը, որով ամբողջ թվերը վառվում են: Այս պարագայում խաղացող խումբը խաղը նորից է սկսում: Ավելին, յուրաքանչյուր խաղացող ստանում է 3 անգամ փորձելու հնարավորություն: Այնքան են խաղում, մինչև խմբերից մեկը պարտվում է ու պատժվում:

Պարզվում է՝ Անուն գոռոցին նախկինում անվանել են Զգաստ (город за город խաղի պատմությունը դարձավ, որը մեզ համար եղել է ու կմնա Գործնագործ): Այս խաղի ժամանակ երեխաներից մեկը գնդակը նետում է օդ ու բղավում խաղացողներից մեկի անունը: Վերջինս պարտավոր է գնդակը բռնել հենց օդի մեջ: Այդ դեպքում բռնողն ինքը կատարում է նույն գործողությունը: Հակառակ դեպքում այն երեխան, ով պետք է բռնի գնդակը, վազում է դեպի այն, բռնում ու բղավում՝ Զգաստ: Տարբեր կողմեր վազող խաղացողները կանգնում են նույն դիրքում: Գնդակով խաղացողը նշան է բռնում հակառակորդներից որևէ մեկին ու հարվածում: Խփելը հաջողեցնելիս խփվողը մի ձու է ածում, իսկ չհաջողեցնելու դեպքում խփողն է մի ձու ածում: Շարունակում են խաղալը, մինչև խաղացողներից մեկը 11 ձու է ածում: Նրան պատժելու համար երեխաներից յուրաքանչյուրը 5 անգամ գնդակով խփում է նրա մեջքին:

Մեր օրերում քիչ երեխաներ են հիշում այնպիսի խաղեր, ինչպիսիք են Բանկա փլավը, 7 քարն ու Հոլը: Բանկա փլավի ժամանակ խաղացողներից մեկը կանգնում է ջուլայում, որը թիթեղյա բանկա է դրված հողի վրա ու շուրջը գծած շրջան, որից 10 մետր հեռավորության վրա գծում են մի ուղիղ գիծ (ջղիզ): Խումբը հավաքվում է գծի վրա ու լեփուկներով (տափակ քար) փորձում շրջել բանկան: Խաղացողները պարտավոր են հետ վերցնել իրենց լեփուկները ջուլայից այնպես, որ ներսում կանգնած երեխան չկարողանա բռնել իրենց մինչև գիծ հասնելը: Եթե բանկան շրջվում է, ջուլայում կանգնողն անմիջապես ուղղում է այն ու նորից պաշտպանում լեփուկները իրենց տերերից: Եթե հաջողվում է լեփուկ վերցնողին բռնել, նրանք տեղերով փոխվում են:

7 քար
Բանկա փլավից ոչ պակաս սիրված է 7 քարը: Եթե այս խաղի ընթացքում փախչող խմբի
անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ հաջողեցնում են 7 քարը շարել միմյանց վրա ու հաշվել 1-7, ապա փախչողները շահում են մեկ փալան: Երբ հակառակորդին հետապնդելիս նետած գնդակը նրանցից որևէ մեկը բռնում է օդի մեջ, այդ խումբը շահում է մեկ փալան:






Հոլ
Տղաների ամենասիրելի խաղերից է եղել Հոլը: Տարբեր գավառներում տարբեր կանոններ են գործել այս խաղի համար: Հոլով խաղալու համար անհրաժեշտ է փայտե մական կամ բարակ պարան: Խաղացողներից մեկը փաթաթում է պարանը հոլի վրա ու նետում գետնին: Հոլը պտտվելով պետք է հարվածի հակառակորդի հոլին:



Հայրենասիրական վերջաբանի փոխարեն՝ Սովորեցրե՛ք երեխաներին էլի, ձեզանից ինչ՞ է գնում:

For English http://avagyanp.blogspot.com/2013/07/armenian-folk-games.html

2 comments:

  1. Հաճելի յուշեր արթանցրիր, յարգելի Avagyan :) Շնորհակալութիւն,,

    ReplyDelete
    Replies
    1. Ուրախ եմ լսել (կարդալ:)) դա: Ձեզ շնորհակալություն:

      Delete